ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանների մատչելիության պետական ծրագիրը կերկարաձգվի մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: Այդ մասին Կառավարության հարցը փետրվարի 15-ի նիստին հաստատման ներկայացրեց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ այս պահին հաստատվել է 412 շահառուի հայտ: Ըստ մարզերի՝ դրանք բաշխված են հետևյալ կերպ. Տավուշի մարզ՝ 239, Սյունիք՝ 54, Արարատ՝ 50, Վայոց ձոր՝ 47, Գեղարքունիքի մարզ՝ 22: Պոտենցիալ շահառուների թիվն ավելի շատ է, քանի որ մի մասը դիմել է բանկեր, և սպասում է դրա հաստատմանը:
Ծրագրի շրջանակներում անհատական բնակելի տուն կառուցելու, կառուցապատումը շարունակելու նպատակով հիփոթեքային վարկերը կարող են տրամադրվել, և բոլոր դեպքերում աջակցության չափը հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար կազմում է հանրագումարային մինչև 16 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 277 հազար դրամը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ երբ ծրագիրը նոր էր մեկնարկել, դիմողները քիչ էին, այսօր արդեն ծրագիրը ծավալվում է:
«Վարկը տալիս է բանկը, բայց և՛ մայր գումարը, և՛ տոկոսը վճարում է Կառավարությունը: Գումարը 16 միլիոն դրամ է, եթե քաղաքացին ուզում է 16 միլիոն դրամից ավելին, ինքն էլ իր կողմից կարող է 1 միլիոն, 2 միլիոն, 5 միլիոն դրամ ավելացնել: Այդ 16 միլիոնը՝ և՛ տոկոսը, և՛ մայր գումարը, կվճարի Կառավարությունը, բայց ավել հատվածը քաղաքացիներն իրենք կսպասարկեն»,- ասաց նա:
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ հետաքրքրվել է դիմումների մերժման մասին, և պարզել, որ մերժվել են վարկային վատ պատմություն ունեցող քաղաքացիները: Նա հիշեցրեց նաև ծրագրի սահմանափակման մասին, այն է՝ սեփականատերը չի կարող տունը վաճառել առաջիկա 10 տարվա ընթացքում: