Միջազգային հարթակներում գրավոր կերպով հրապարակայնորեն արձանագրված պայմանավորվածությունների համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, և այն պետք է լինի սահմանազատման գործընթացի քաղաքական հիմքը: Այդ մասին Կառավարության փետրվարի 15-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա նշանակում է, որ մեզ մնացել է, ըստ էության, տեխնիկական աշխատանք՝ քարտեզների և գետնի վրա վերարտադրել Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև 1991 թվականի դրությամբ դե յուրե առկա սահմանը դրանց իրավական հիմքերը վեր հանելու միջոցով, և լուծել հարցը:
Նույն սկզբունքով պետք է հասցեագրել նաև, այսպես կոչված, էքսկլավ-անկլավների հարցը: Ասենք՝ Արծվաշենի տարածքը որոշելու համար պետք է իրավական փաստաթղթերի հիման վրա գծել նրա սահմանը, և հետագա բանակցությունների արդյունքում որևէ բանաձևով լուծել նաև այդ հարցը: Բայց Ադրբեջանը պարբերաբար խուսափում է գնալ նման լուծումների՝ փորձ անելով գնալ տեղայնացման ճանապարհով:
Մենք համաձայն ենք նույնիսկ այս տարբերակին՝ սահմանագծում իրականացնել անգամ մարզ առ մարզ՝ ամեն հատվածում վերարտադրելով սահմանը, և ապա իրականացնել զորքերի դիրքավորման ճշգրտում՝ ըստ վերարտադրված սահմանագծի, և անցնել հաջորդ հատվածին, իսկ էքսկլավային հարցերը թողնել ամենավերջին փուլին:
Այսինքն՝ երկու տարբերակ կա, որ, նախ, ամբողջ սահմանագծով իրականացնում ենք սահմանագծում և անցնում դրա իրագործմանը: Երկրորդ տարբերակն այն է, որ կտորների ենք բաժանում սահմանը և կտոր-կտոր սահմանագծում, գնում ենք առաջ: Եվ, ըստ էության, երկու տարբերակն էլ մեզ համար ընդունելի են վերը նշված սկզբունքների շրջանակում, բայց Ադրբեջանը կարծես թե խուսափում է այս տարբերակից:
Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ սրա համար կարող է լինել մեկ պատճառ, և այդ պատճառը կարող է լինել ռազմական գործողություններ սկսելը սահմանի որոշ հատվածներում, հետագայում ռազմական էսկալացիան ՀՀ-ի դեմ՝ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով: Այս մտադրությունն ընթերցվում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարություններում և գործողություններում»,-ասաց Փաշինյանը: