Կասեցվել է «Ջուլիս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
««Մինթ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի՝ «Ջուլիս» ռեստորանի (ք․ Երևան, Պուշկինի 39), արտադրական գործունեության կասեցման հիմք, բացի վտանգավոր արտադրանքի թողարկումից, հանդիսացել են նաև իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները:
Մասնավորապես՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում օբյեկտի ալրային հրուշակեղենի պատրաստման տեղամասում հայտնաբերվել են հետևյալ անհամապատասխանությունները՝
-
սննդի կառույցն ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով.
-
պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող, անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից.
-
առաստաղները և վերին ամրությունները, պատուհաններն ու այլ բացվածքները նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը, բացակայել են միջատապաշտպան ցանցերը.
-
սանհանգույցի դուռն անմիջապես բացվել է դեպի սննդամթերքի մշակման սենյակ.
-
սննդային թափոնները տեղավորված չեն եղել համապատասխան փակ բեռնարկղում։
Վերահսկող մարմինը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը փետրվարի 8-ին ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ են տեղափոխվել երկու անձ:
«Մինթ» ՍՊԸ-ին պատկանող «Ջուլիս» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Պուշկինի 39) կերել են սաղմոնով վաֆլի և սաղմոնով սպագետտի: Հաջորդող մի քանի օրերին բժշկի է դիմել նշված հանրային սննդի կետում սնված ևս 10 անձ, որոնցից 9-ը հոսպիտալացվել են: 12 հիվանդներից 9-ի մոտ հայտնաբերվել է սալմոնելա: Նույն օրը՝ փետրվարի 8-ին, բացված ստուգման հրամանի հիման վրա ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումների շրջանակում նմուշներ են վերցրել հանրային սննդի կետում առկա սաղմոն ձկից, ձվով սոուսից ու ձվից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության: