Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Սենատի կողմից 95 միլիարդ դոլարի հավելյալ պաշտպանական ծախսերի մասին օրինագծի հաստատմանը, որն այդ թվում ներառում է աջակցություն Ուկրաինային և Իսրայելին: Այժմ նախագիծը պետք է հաստատի Ներկայացուցիչների պալատը, ինչը, սակայն, հարցականի տակ է, քանի որ պալատի խոսնակ հանրապետական Մայք Ջոնսոնը հայտարարել է՝ օրինագիծը չի դրվի քվեարկության, քանի որ դրանից դուրս են մնացել ԱՄՆ հարավային սահմանի ամրապնդման համար նախատեսված ծախսերը։
Սալիվանի խոսքով՝ Սենատն առաջ է մղում ԱՄՆ-ի ազգային անվտանգության հիմնական շահերը և ցանկանում մնալ Ուկրաինայի ու գործընկերների կողքին, որոնք պայքարում են իրենց ազատության ու անկախության համար: Նա համոզմունք է հայտնել, որ ամերիկյան աջակցության շնորհիվ Իսրայելը կպաշտպանվի ՀԱՄԱՍ-ից և այլ ահաբեկիչներից, ինչպես նաև Իրանից բխող սպառնալիքներից:
«Օրինագծով կենսական հումանիտար օգնություն կտրամադրվի հակամարտություններից տուժած խոցելի անձանց: Նրանց թվում են հայրենիքը լքած միլիոնավոր ուկրաինացիներ: Խոսքը նաև Սուդանում և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների մասին է: Օգնություն կտրամադրվի Գազայի հատվածում ավելի քան 2 միլիոն անմեղ պաղեստինցիներին, որոնց ճնշող մեծամասնությունը կապ չունի ՀԱՄԱՍ-ի հետ»,- նշել է Սալիվանը:
Սալիվանը հավելել է, որ Վաշինգտոնը կենտրոնացած է նաև երկրի պաշտպանական արդյունաբերության զարգացման վրա։ Պաշտոնյայի խոսքով՝ Միացյալ Նահանգները պետք է ապացուցի, որ վստահելի գործընկեր է:
«Պատմությունը ցույց է տվել՝ երբ չենք պայքարում բռնակալների դեմ, նրանք առաջ են շարժվում: ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, մի շարք երկրներ կարող են լուրջ խնդիրների բախվել»,- շեշտել է Սպիտակ տան ներկայացուցիչը: