Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Պետդումայի «կառավարական ժամին» ունեցած իր ելույթում չի բացառել ԵԱՀԿ-ից Ռուսաստանի դուրս գալու տարբերակը, հայտնում է РИА Новости-ն:
«Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ից դուրս գալուն, ապա այդ հարցը դեռ չի քննարկվել, բայց օդում կախված է»,-ասել է Լավրովը։
Փետրվարի 13-ին Պետդուման կոչ է արել կասեցնել Ռուսաստանի պատվիրակության մասնակցությունը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովին:
Ավելի վաղ ԵԱՀԿ-ի նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին ասել էր, որ կազմակերպությունում խոսվում է ԵԱՀԿ հիմնարար սկզբունքը խախտելու համար Ռուսաստանին վտարելու մասին: Սակայն նա հարցը փակված է համարել՝ բացատրելով, որ կազմակերպության որոշումներն ընդունվում են միաձայնության սկզբունքով: Մինչդեռ ներսում տարաձայնություններ կան, ոմանք ԵԱՀԿ-ն համարում են հակառակ դիրքորոշում ունեցող երկրների միջև երկխոսության հարթակ: