Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Սև ծովում ռուսական խոշոր դեսանտային «Ցեզար Կունիկով» նավի վրա ուկրաինական զինված ուժերի հարձակման մասին տեղեկությունը։ Այս հարցը ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը խորհուրդ է տվել ուղղել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
Միաժամանակ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում պաշտոնապես հաստատել է այսօր առավոտյան Սև ծովում ռուսական «Ցեզար Կունիկով» խոշոր դեսանտային նավի վրա հարձակումը։
«Խոցման պահին այն գտնվել է Ուկրաինայի տարածքային ջրերում՝ Ալուպկայի մոտ, հարձակման է ենթարկվել Magura V5 ծովային հարվածային դրոններով»,- ասվում է գլխավոր շտաբի հայտարարության մեջ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել տեղեկությունը։
Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչությունը նշում է, որ «Ցեզար Կունիկովը» կարող է տեղավորել անձնակազմի մինչև 87 անդամ, և որոնողափրկարարական գործողությունը «արդյունք չի տվել»: