Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում Ալեքսանյանը 6:3 հաշվով առավելության է հասել ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիևի նկատմամբ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Ալեքսանյանը եզրափակիչ էր դուրս եկել՝ կիսաեզրափակչում 5:1 հաշվով հաղթելով բելառուս Աբուբակար Խասլախանավին։
Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9:1 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր թուրք Բեյտուլա Կաիսդագինին, իսկ քառորդ եզրափակչում 8:3 հաշվով առավելության էր հասել Նիդերլանդների ներկայացուցիչ Թայրոն Շտենկերբուրգի նկատմամբ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Սլավիկ Գալստյանը Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությունում գոտեմարտել է բրոնզե մեդալի համար, սակայն 4։5 հաշվով ցավալի պարտություն է կրել։
Նախօրեին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կարիերայում երրորդ անգամ
նվաճել էր Եվրոպայի չեմպիոնությունը՝ Բուխարեստում ընթացող առաջնության եզրափակչում 7:0 հաշվով վստահ առավելության հասնելով աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, թուրք Յունուս Բասարի նկատմամբ։
Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ի առաջին մեդալը նվաճել է 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, որն առաջին անգամ է մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։