ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը երեքշաբթի մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական էսկալացիան:
«Կարծում եմ՝ ներկայիս լարվածությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս ավելի ակտիվ դիվանագիտության կարևորությունը»,- ասել է բարձրաստիճան պաշտոնյան՝ հավելելով. «Մենք կշարունակենք փորձել մերձեցնել կողմերի դիրքորոշումները»:
Օ՛Բրայենը լրագրողների հետ զրուցել է Եվրոպա մեկնելուց առաջ: Նա ուղեկցելու է պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, որը մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովին:
Ակնկալվում է, որ միջոցառմանը կմիանան նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Օ՛Բրայենը խուսափել է պատասխանել ադրբեջանական «Թուրան» գործակալության՝ Մյունխենում կոնկրետ հանդիպումների հավանականության մասին հարցին:
Ինչ վերաբերում է Մյունխենում Բլինքենի օրակարգին, ապա նա ասել է, որ պետքարտուղարը կանդրադառնա չորս թեմայի՝ աջակցությանն Ուկրաինային և Մերձավոր Արևելքին, Թայվանի նեղուցում խաղաղության պահպանման, նաև միջազգային ինստիտուտներում համագործակցության կարևորությանը: