ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները փետրվարի 15-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն դաշինքում ռազմական ծախսերի հետ կապված ներկա իրավիճակը: Ակնկալվում է, որ 2024 թվականին դաշինքի 31 երկրից 18-ը ռազմական ծախսերի նորմը կկատարեն ՀՆԱ-ի 2 տոկոսի մակարդակում:
Ըստ Financial Times-ի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում պաշտպանական ծախսերի ավելացումը պայմանավորված է Ռուսաստանի կողմից նոր ագրեսիայի հետ կապված մտահոգությունների, ինչպես նաև Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու հեռանկարի հետ։
Անցյալ շաբաթվա վերջին ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ նախագահ վերընտրվելու դեպքում Ռուսաստանից չի պաշտպանի դաշինքի այն երկրներին, որոնք բավականաչափ չեն ծախսում պաշտպանության համար:
2016 թվականին ՆԱՏՕ-ի միայն 5 երկիր էր կատարել պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի 2%-ին հասցնելու պահանջը, հիշեցնում է թերթը։ Այսօր Լեհաստանն այդ կարիքների վրա ծախսում է ՀՆԱ-ի 3,9%-ը, ինչն ավելին է ԱՄՆ-ի 3,5% ցուցանիշից։
Գերմանիան էլ հայտարարել է, որ պաշտպանության համար ռեկորդային գումար է հատկացրել: Կառավարությունը ՆԱՏՕ-ին տեղեկացրել է ռազմական կարիքների համար 73,41 միլիարդ դոլար փոխանցելու մասին, որը համապատասխանում է երկրի ՀՆԱ-ի 2,01 տոկոսի քվոտային:
2023 թվականին երկրի պաշտպանության համար հատկացվել էր 56,64 մլրդ դոլար, ինչը համապատասխանում է ՀՆԱ-ի 1,57 տոկոսին։
Գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, ելույթ ունենալով Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ, վստահեցրել է, որ դաշինքը վճռական է բոլոր դաշնակիցներին պաշտպանելու հարցում: