ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՄԷ մշակույթի նախարար Ն.Գ. Շեյխ Սալեմ բին Խալիդ Ալ Քասիմիի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը։
ԱՄԷ մշակույթի նախարարը ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին և շնորհակալություն հայտնել այցի, ինչպես նաև արդյունավետ համագործակցության համար։ Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ միջպետական հարաբերություններում մշակութային համագործակցության կարևորությունը։
Կողմերը կարևորել են երկկողմ ծրագրերի շարունակական իրականացումը՝ մշակույթի ոլորտում փորձի փոխանակման և համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպման տեսանկյունից:
Կողմերը քննարկել են նաև ներկայում շրջանառվող «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների մշակույթի նախարարության միջև մշակույթի ոլորտում 2024-2027 թթ. համագործակցության մասին» գործնական ծրագրի նախագիծը և պայմանավորվել քայլեր ձեռնարկել դրա վերջնականացման և ստորագրման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության մշակութային իրավունքների ապահովման և ԼՂ տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցերին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր: