Արդարադատության նախարարի տեղակալներ Կարեն Կարապետյանը և Լևոն Բալյանը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանային առաջատար տնտեսագետ, փոխտնօրեն Դիմիտար Բոգովի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել են Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը։
Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, հանդիպման ընթացքում նախարարի տեղակալները կարևորել են երկու կառույցների միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցության մակարդակը։
Քննարկվել են դատաիրավական, հակակոռուպցիոն, հարկադիր կատարողական ոլորտների բարեփոխումների օրակարգը և դրանց զարգացմանն ուղղված օրենսդրական մեխանիզմները՝ երկրի ներդրումային վստահելիության մթնոլորտի տեսանկյունից:
Նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ներկայացրել է դատական և իրավական, հակակոռուպցիոն ոլորտների նշանակալի բարեփոխումները, ռազմավարական առաջնահերթությունները։ Անդրադարձ է կատարվել դատարանների հասանելության և դատական համակարգի բեռնաթափման նպատակով իրականացվող քայլերին՝ վեճերի լուծման այլընտրանքային եղանակների խթանմանը, հաշտարարությանը ենթակա պարտադիր գործերի առանձնացմանը, վճարման կարգադրություններով գործերի նոտարական ծառայության տիրույթ փոխադրմանը և թվային լուծումների ներդրմանը: Կողմերը քննարկել են նաև քաղաքացիական ծառայությունում և դատաիրավական համակարգում գործող բարեվարքության համակարգի, ինչպես նաև գործարար բարեվարքության համակարգի զարգացմանն ուղղված աշխատանքները։ Ընդգծվել են նաև սնանկության ոլորտի և սնանկության ընթացակարգերի պարզեցմանն ուղղված քայլերը:
Նախարարի տեղակալ Լևոն Բալյանը ներկայացրել է հարկադիր կատարողական ոլորտում իրականացվող բարեփոխումների օրակարգը։ Քննարկվել է դեռևս 25 տարի առաջ ընդունված ԴԱՀԿ մասին օրենքի փոխարեն միջազգային չափանիշներին համապատասխան նոր մշակվող «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքը և դրա կարգավորումները՝ ուղղված կատարողական վարույթների արդյունավետությանը և գանձումների գործընթացների լավարկմանը։
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում շարունակել համագործակցությունը և ՎԶԵԲ-ի Հայաստանի վերաբերյալ ռազմավարության նախագծի պատրաստումից հետո կրկին ունենալ աշխատանքային քննարկումներ։
Նշենք, որ ՎԶԵԲ-ը մեկնարկում է Հայաստանի հետ համագործակցության նոր հնգամյա ռազմավարության նախապատրաստումը, որի շրջանակներում ներկայումս իրականացվում է կարիքների գնահատում։