ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկության ժամանակ աջակցություն է հայտնել Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու մասին նախագծին: Փաստաթղթին կողմ է քվեարկել 66 սենատոր, դեմ՝ 33-ը։ Այժմ նախատեսվում է նախագծի հիմնական քվեարկությունը, որը, ըստ լրատվամիջոցների տեղեկության, տեղի կունենա այս շաբաթ:
Սենատում հաստատվելուց հետո նախագիծը քննարկման կներկայացվի Ներկայացուցիչների պալատում:
Վերանայված փաստաթղթից դուրս է մնացել ԱՄՆ սահմանների անվտանգության ֆինանսավորման հարցը, իսկ Ուկրաինային, Իսրայելին և ազգային անվտանգության այլ առաջնահերթություններին առաջարկվել է հատկացնել ընդհանուր 93,5 մլրդ դոլար: Սենատն ավելի վաղ մերժել էր օրինագիծը, որը միավորել էր սահմանների պաշտպանության, Ուկրաինային ու Իսրայելին օգնության հատկացման հարցերը: Ընդհանուր առմամբ, օրինագծով առաջարկվում էր 118 միլիարդ դոլար հատկացնել, որից 60 միլիարդը՝ Կիևին աջակցելու համար, 20 միլիարդը՝ Մեքսիկայի հետ սահմանի պաշտպանության համար։