ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Աբու Դաբիում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովին, որի շրջանակում զեկույցով հանդես է եկել «Quality and relevant lifelong and life-wide learning in and through cultural diversity» խորագրով պանելային նիստում:
Զեկույցի ընթացքում նախարարը ներկայացրել է մշակութային բազմազանության համատեքստում շարունակական կրթության ապահովման անհրաժեշտությունը և անդրադարձել Հայաստանի փորձին։ Նա նշել է, որ 2022 թվականին հաստատվել է ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, որի նպատակներից է ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, Հայաստանի Հանրապետության զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ձևավորումը, որը կյանքի բոլոր փուլերում յուրաքանչյուրին հնարավորություն կտա ստանալու իր կարիքներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն։
Նախարարը նշել է, որ ծրագրի նպատակի իրականացման համար սահմանվել են մի շարք ռազմավարական ուղղություններ, որոնցից մեկն է համընդհանուր ներառական սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծումը: Սա, ըստ նախարարի, յուրաքանչյուր քաղաքացու համար կյանքի բոլոր փուլերում հասանելի կդարձնի իր զարգացման և անձնային առանձնահատկություններից բխող և քաղաքացիական համագործակցությանը նպաստող որակյալ և արդյունավետ կրթական ծառայությունները Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։
Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ շարունակական կրթությունը չի կարող դիտարկվել մշակութային բազմազանության հայեցակարգից դուրս: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին քայլեր է ձեռնարկել` խթանելու ժամանակակից արվեստի ոլորտի զարգացումը` կիրառելով մշակութային բազմազանության ապահովմանը նպատակաուղղված միջոցներ և համատեղելով ֆորմալ ու ոչ ֆորմալ մշակութային կրթությունը։
ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության էթնիկ զտումների և բռնի տեղահանման համատեքստում կրթության իրավունքի իրացմանը: Նա նշել է, որ նախարարությունը գործադրել և շարունակում է գործադրել բոլոր ջանքերը՝ ապահովելու ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության լիարժեք ինտեգրումը կրթական գործընթացին։
Նախարարը կարևորել է միջազգային հանրության արձագանքը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների մշակութային և կրթական իրավունքների պաշտպանության ապահովման հարցում և շնորհակալություն հայտնել` ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը Հայաստան ուղարկելու համար՝ գնահատելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կրթական կարիքները:
Նշենք նաև՝ համաժողովի արդյունքներով ընդունվելու է «Մշակույթի և արվեստի կրթության շրջանակ» փաստաթուղթը, որի նպատակն է առաջարկել նոր ուղիներ՝ բարելավելու, խորացնելու և ընդլայնելու կրթության և մշակույթի ոլորտների միջև համագործակցությունը՝ միաժամանակ օգտագործելով թվային տեխնոլոգիաները՝ արագացնելու 2030 օրակարգով սահմանված համաշխարհային զարգացման ներկա և ապագա նպատակների իրագործումը:
Այցի ընթացքում ԿԳՄՍ նախարարն ունեցել է նաև երկկողմ հանդիպումներ։