«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում։
««Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում։ Կիրառվում են բացառապես այնպիսի նյութեր, որոնց անվտանգությունը համապատասխանում է միջազգային ստանդարտների պահանջներին և նախատեսված են սննդի արդյունաբերության մեջ օգտագործելու համար։
Այդ նյութերի՝ ջրի մեջ ենթադրյալ մնացորդների քանակությունները, ինչպես նաև «Ջերմուկ» բնական հանքային ջրի բաղադրությունը, ըստ իրենց առկա բնութագրերի, չեն կարող առաջացնել այրվածք, այդ թվում՝ կերակրափողի։
Ջերմուկի շշալցված ջրի արտադրությունը շարունակական արտադրական գործընթաց է՝ ամբողջությամբ ավտոմատացված փակ ցիկլով։ Իսկ նվազագույն քանակը մեկ ցիկլի դեպքում կազմում է 1200 շիշ։ Այնպես որ, եթե ստանդարտներից որևէ շեղում հայտնաբերվի, ապա այդ անհամապատասխանությունը պետք է լինի այդ ժամանակահատվածում շշալցված բոլոր շշերի մեջ՝ առանց բացառության:
Համոզված ենք, որ իրավասու մարմինների կողմից կիրականացվի դեպքի օբյեկտիվ ուսումնասիրություն, ինչի արդյունքում կբացառվի կապը «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի և ՌԴ–ի Վլադիկավկազ քաղաքի բնակչի հետ տեղի ունեցած ցավալի դեպքի միջև»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է «Ջերմուկ» ապրանքանիշի ջրի առանձին խմբաքանակների իրացումը՝ անվտանգության ստուգման նպատակով:
Նշվում է, որ պատճառը Վլադիկավկազ քաղաքի բնակչի՝ կերակրափողի այրվածքներ ստանալն է: Գերատեսչության մամուլի ծառայության տվյալով՝ վաճառքի դադարեցումը կվերաբերի 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ տարածք ներմուծված՝ 0,5 լիտր ծավալով ապակե տարաներով փաթեթավորված ապրանքներին:
Հյուսիսային Օսիայի ղեկավարը հայտնել է, որ տղամարդը, որը նախօրեին կերակրափողի այրվածք էր ստացել «Ջերմուկ» հանքային ջրի անվան տակ քացախ խմելուց հետո, հիվանդանոցում մահացել է: