2024 թվականի փետրվարի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ են արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող շփման գծի հարավ-արևելյան հատվածի մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:
«Դրա հետևանքով 4 անձ՝ Էդուարդ Հարությունյանը, Գագիկ Մանուկյանը, Արսեն Համբարձումյանը, Հրաչ Հովհաննիսյանը, ստացել են կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներ։ Ես մեկ անձ՝ Ռուստամ Վարդանյանը, ստացել է աջ ձեռքի նախաբազկի շրջանի հրազենային վիրավորում: Վերջինիս վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Հաշվի առնելով, որ առկա է քրեական վարույթ նախաձեռնելու հիմք և առիթ` ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ և 15-րդ կետերով (չորս դրվագ) և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին 8-րդ և 15-րդ կետերով:
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը ունի 4 զոհ և 1 վիրավոր: