Ձյան տեղումների ժամանակ Երևան քաղաքում սառցակալման կամ ձյան ծածկույթի պատճառով անանցանելի փողոցներ չեն եղել, չի պարալիզացվել երթևեկությունը, կաթվածահար չի եղել քաղաքը, տրանսպորտում կոլապս չի առաջացել, եղել են դժվարություններ երեկոյան պիկ ժամերին: Այդ մասին Երևանի ավագանու նիստին ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ պատասխանելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի հարցին, թե ձնամաքրման աշխատանքները «պրավալ տալու» համար ինչ-որ մեկը պատժվե՞ց:
Կամո Արեյանը հայտարարեց, որ «պրավալ» բառի հետ համաձայն չէ:
«Փոքր խնդիրներ, այո՛, ստացել ենք մայթերի մաքրման առումով, բակային տարածքների մաքրման առումով, եղել են խնդիրներ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, երբ իրենց պարտադիր բարեկարգման կայանների նորմատիվ ակտի պահանջները չեն կատարել տնտեսվարողները, վատ են կատարել, գուցե մեր վարչարարությունն էլ է թույլ եղել, և բակային տարածքներում ունեցել ենք խնդիր:
Եթե «պրավալ» էր, պիտի բարեկամական հարց տամ. ամսի 27-ին ամբողջ օրը տեղացել է ձյուն, 28-ի կեսօրին նոր կտրվել է ձյունը, հարց պիտի տամ ինքս ինձ և բոլորիդ՝ ձեզ, բարեկամաբար խնդրում եմ, այդ ինչպե՞ս եղավ, որ երկուշաբթի առավոտ շտապօգնությունն աշխատեց, հացթուխը գնաց հաց թխելու, ուսանողը գնաց դասի, դպրոցականը դպրոց գնաց, ուսուցիչը դպրոց գնաց, վարորդը դուրս եկավ, ուղևորը նստեց տրանսպորտ, տրանսպորտը երթևեկելու դուրս եկավ, բնակչությանը սպասարկեց: Եթե «պրավալ» էր, «պրավալի» դեպքում քաղաքը պիտի լիներ պարալիզացված, ապա ինչպե՞ս բոլոր մարդիկ հասան տեղ, շտապօգնությունն ինչպե՞ս հասավ տեղ»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ, այդուամենայնիվ, եղել են և՛ դժվարություններ, և՛ դժգոհություններ:
«Պիտի խնդրեմ միանգամից խարան չդնել 1000 մարդու աշխատանքի վրա, որոնք աշխատում են գիշերները բոլորիս համար: Չեմ ասում՝ «անթերի», ունեցել ենք թերություններ, այդ թերությունների արդյունքում, քաղաքապետի որոշմամբ, այո՛, հաջորդ իսկ օրը՝ երկուշաբթի, փոխվեց ԵԱՍՄ հիմնարկի տնօրենը, նշանակվել է նոր մարդ՝ պարոն Կատվալյանը, և տնօրենի առջև դրվել է խնդիր՝ ամբողջ ռեսուրսների կառավարումը վերանայելու՝ և՛ ֆինանսական, և՛ տեխնիկական միջոցների ու նյութերի պահեստավորման, որ այլևս որևէ դժվարություն չլինի»,- ասաց նա: