Միասնական տոմսային համակարգի ներդրման մասին նախագծի մասին Երևանի ավագանու բոլոր խմբակցությունների ղեկավարները ներկայացրին իրենց կարծիքը, նաև քվեարկության մասով դիրքորոշումը:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտարարեց, որ իրենք դեմ են առաջարկվող նախագծին, և որ պայքարելու են թանկացումները թույլ չտալու համար:
Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը հայտարարեց, որ եթե գործը հասնի թանկացմանը, ապա դա պետք է տեղի ունենա տեղական հանրաքվեի միջոցով: Նաև առաջարկեց ոլորտի մասով ամբողջական աուդիտ պատվիրել «դրսից»:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը նշեց, որ տրանսպորտի սակագնի ոլորտում փաստացի կոռուպցիա կա:
«Քաղաքացին մտնում է ավտոբուս, 100 դրամը տալիս է վարորդին, ոչ թե սարքի մեջ է դնում, և երթևեկում է: Փաստացի, ապօրինի գործունեություն է ծավալվում: Գիտենք, չէ՞, որ այդ երևույթը կա: Բայց քանի որ ամբողջական համակարգ չկա, դա [միասնական տոմսային համակարգը] չի գործելու»,- ասաց նա և նշեց, որ եթե 100 դրամները վերցնելու համար որոշեն ազատել վարորդին, ապա բոլորին պետք է ազատել:
«Խոստովանենք, որ նման խնդիր կա, որ 100 դրամը գնում է ոչ թե քաղաքային բյուջե, այլ գնում է ուրիշ տեղ: ժամանակին գնում էր գծատերերին, հիմա կամ վարորդին է գնում... Այսինքն՝ չի գնում քաղաքային բյուջե»,- ասաց նա:
«Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը կարծիք հայտնեց, թե հարցերը սաղմնային վիճակում են դեռ, և կարծում է՝ քննարկումներն ավելի բուռն կլինեն, երբ նոր նախագիծը մտնի օրակարգ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ քննարկման եզրակացությունը պետք է լինի այն, որ համակարգ ներդրվելու դեպքում առաջին հերթին պետք է ծառայի երևանցիներին, մարդկանց, և պետք է լինել բալանսավորված, այն է՝ որոշակի խմբերի կտրվեն արտոնություններ, առավելագույն հնարավորության շրջանակում կսահմանվեն նվազագույն գներ, չեն լինի որևէ տեսակի սահմանափակումներ տրանսպորտից օգտվելու առումով «իքս» ժամանակահատվածի համար գնած տոմսով, և քաղաքացին անսահմանափակ կօգտվի տրանսպորտի բոլոր տեսակներից: Ըստ Ավինյանի՝ պետք է նաև երաշխավորել, որ համակարգը չունենա չարաշահման հնարավորություն:
Նիստի ավարտին միասնական տոմսային համակարգի ներդրման մասին նախագիծը, պայմանավորվածության համաձայն, հանվեց Երևանի ավագանու նիստի օրակարգից: