Միասնական տոմսային համակարգի ներդրման մասին նախագծի քննարկման ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեց 1996-1997 թվականները, երբ նստում էր «Ռաֆ» կամ «ԳԱԶել» մակնիշի տրանսպորտային միջոցներ, որոնց դուռը երթևեկության ընթացքում պետք էր ձեռքով պահել, որպեսզի չբացվի:
«Այդ ժամանակաշրջանից անցել է 30 տարի, ու դեռ 100 դրամի մասին ենք խոսում, բայց երթևեկում ենք MAN-երով, 8,5 մետրանոց ավտոբուսներով: Այո՛, պիկ ժամերին խնդիրներ ունենք, բայց եկեք, այնուամենայնիվ, այս պոպուլիզմի ժանրից անցնենք էլի, որովհետև չի կարող 30 տարի տրանսպորտի գինը նույնը մնալ, մենք էլ ասենք՝ ժողովո՛ւրդ ջան, ամեն ինչ նորմալ է:
Տրանսպորտային համակարգը փոխվում է, չէ՞: 200 ավտոբուս ասում ենք, որ բերելու ենք, հավատում ենք, չէ՞, որ բերելու ենք այս տարի»,- ասաց Ավինյանը:
Հիշեցնենք, որ միասնական տոմսային համակարգի ներդրման մասին որոշման նախագիծը հանվել էր Երևանի ավագանու նիստի օրակարգից հարցն ավելի համապարփակ քննարկելու նպատակով: Ավագանու փետրվարի 13-ի նիստին, սակայն, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ տրանսպորտային սակագնի փոփոխության նախագիծը կքննարկվի, բայց նախագծի մասով քվեարկությունը կհանվի: