Չնայած էլեկտրական ավտոբուսների ծախսն անգամներով պակաս է գազից, բենզինից կամ դիզելից, այդուամենայնիվ, էլեկտրական ավտոբուսների նախնական գինն ավելի թանկ է, քան վառելիքի տարբեր տեսակներով՝ բենզինով, գազով, դիզվառելիքով ավտոբուսները: Այդ մասին Երևանի ավագանու՝ փետրվարի 13-ի նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի հարցին՝ էլեկտրական ավտոբուսներն էական ազդեցություն կարո՞ղ են ունենալ տրանսպորտի սակագնի գնագոյացման վրա:
«Մենք այս տարի 2 հիմնական ձեռքբերում ենք ունենալու, այս տարվա 200 հատ 8,5 մետրանոց ավտոբուսներն են, և հետագայում՝ ևս մեկ ընդհանուր ձեռքբերում, այն է՝ 18 մետրանոց 250 էլեկտրական ավտոբուսները: Այդ մասով բանակցությունները միջազգային ֆինանսական գործընկերների հետ են ընթանում, նաև Կառավարության հետ, քանի որ այդտեղ պետք է նաև Կառավարության աջակցությունը:
Այս տարի մենք իրականացնելու ենք 200 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների գնում, և ունենալու ենք նոր ավտոբուսային գծեր, և դրանից հետո միայն անցնելու ենք 250 հատ 18 մետրանոցների գնման գործընթացներին»,- ասաց Ավինյանը:
Անդրադառնալով էլեկտրական ավտոբուսներին՝ Ավինյանն ընդգծեց, որ բնապահպանական տեսանկյունից հիմնական նպատակն է լինելու այն, որ մեր տրանսպորտային շարժակազմն ամբողջապես փոխված լինի էլեկտրականի, եթե չլինեն տեխնոլոգիական նոր գյուտեր՝ ջրածնային կամ այլ տեսակի շարժիչների մասով, որոնք միգուցե ավելի էֆեկտիվ լինեն: «Բայց հիմնական նպատակը լինելու է 10 տարի հետո ամբողջապես կանաչ տրանսպորտ ունենալը»,- նշեց Երևանի քաղաքապետը: