Ռիո դե ժանեյրոյում մեկնարկել է փետրվարյան ավանդական կառնավալը, այն սկսվել է սամբայի լավագույն պարողների շքերթով և կտևի մինչև երեքշաբթի: Կառնավալի մրցույթին մասնակցում է սամբայի 12 դպրոց, որից վեցը կիրակի արդեն ցուցադրել են վարպետությունը: Յուրաքանչյուր խումբ ունի 3000 մասնակից:
Գունեղ հագուստներով պարողները երթով անցնում են 700 մ երկարությամբ փողոցով՝ հսկայական հարթակների ուղեկցությամբ։ Ներկայացումները նաև արտացոլում են Բրազիլիայի բնիկ ժողովուրդների պատմությունն ու մշակույթը:
Ռիո դե Ժանեյրոյում կառնավալը տեղի է ունենում դենգե համաճարակի բռնկման ֆոնին: Դա վիրուսային վարակ է, որը մարդուն փոխանցվում է վարակված մոծակների խայթոցների միջոցով: Միայն հունվարին քաղաքում հայտնաբերվել է հիվանդության ավելի քան 10000 դեպք, գրանցվել է 60-ից ավելի մահացության դեպք։
Փառատոնը, որն անցկացվում է ամեն տարի փետրվարի երկրորդ շաբաթը, գրավում է հազարավոր զբոսաշրջիկների և զգալի եկամուտ է բերում Բրազիլիայի բյուջեին։