Իրադրությունը Գազայի հատվածում սրվել է, գիշերն իսրայելական բանակն օդային հարձակում է իրականացրել Ռաֆահ քաղաքի վրա, ինչի հետևանքով զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների, հասել է 100-ի, 230 մարդ վիրավորվել է: Ըստ Al Mayadeen հեռուստաընկերության տեղեկության՝ 50 ավիահարված է հասցվել քաղաքին:
Միջազգային հանրության արձագանքը ավիահարվածներին բացասական է: Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ կկասեցնեն 1978 թվականի Քեմփ Դեյվիդում կնքված իսրայելա-եգիպտական խաղաղության պայմանագիրը, եթե Իսրայելը հարձակվի Գազայի Ռաֆահ քաղաքի վրա, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով աղբյուրին։
Ֆրանսիան Իսրայելին կոչ է արել դադարեցնել մարտերը Ռաֆահում: «Գազայի հատվածի և նրա բնակիչների ապագան կարող է կապված լինել միայն Իսրայելի կողքին խաղաղ և անվտանգ պայմաններում ապրող պաղեստինյան պետության հետ»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությունում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արդեն «չափազանց» է անվանել Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում։ Կիրակի նա զանգահարել է Նեթանյահուին և զգուշացրել՝ առանց խաղաղ բնակիչների անվտանգությունն ապահովելու հստակ ծրագրի՝ Ռաֆահ ներխուժելու անընդունելի լինելու վերաբերյալ: Օգնություն իրականացնող գործակալությունները նշում են, որ տարհանումն անհնար է, քանի որ մարդիկ գնալու տեղ չունեն:
Չնայած դատապարտող կոչերին՝ Իսրայելը պնդում է, որ այդ գործողությունները կենսական նշանակություն ունեն երկրի անվտանգության համար:
«Մենք ցանկանում ենք հասնել հատվածի ապառազմականացմանը: Իսկ դա պահանջում է անվտանգության հսկողություն և անվտանգության բարձրագույն պատասխանատվություն Հորդանան գետի արևմուտքում գտնվող ողջ տարածքում՝ ներառյալ Գազայի հատվածը: Տեսանելի ապագայում սրան այլընտրանք չկա»,- ասել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։
Իսրայելական բանակը հայտնել է, որ ռազմական գործողության արդյունքում հաջողվել է Ռաֆահում ազատագրել երկու իսրայելցի պատանդի: