Փետրվարի 12-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, մասնավորապես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների արդյունավետ կիրարկմանն ու ՀՀ-ԵՄ փոխգործակցության խորացման հեռանկարներին։
Վերջինիս համատեքստում գոհունակությամբ նշվել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության այցը Հայաստան նախորդ տարվա դեկտեմբերին, մտքեր են փոխանակվել Հայաստանի տնտեսական դիմակայունության բարձրացմանն ուղղված քայլերի շուրջ։
ՀՀ ԱԳ նախարարը և գլխավոր տնօրենը քննարկել են նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային ծրագրերին ՀՀ մասնակցության հարցեր, ինչպես նաև դիտարկել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հետագա առաջմղման հնարավորությունները։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերի և հարատև կայունության ապահովման ուղղությամբ առկա մարտահրավերներին։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով կարիքները հասցեագրելուն ուղղված ջանքերի շուրջ: