Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մոտ մեկ ժամ դեմ առ դեմ զրուցել է Վատիկան ժամանած Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հետ։ Ինչպես հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը, ի թիվս այլ նվերների, Միլեյն իր հայրենակցին բերել է ավանդական արգենտինական քաղցրավենիք։
Փորձագետները նշում են, որ երկարատև զրույցի ընթացքում (սովորաբար պետությունների ղեկավարների հետ Հռոմի Պապի հանդիպումները տևում են մինչև կես ժամ) Միլեյը ներողություն է խնդրել Ֆրանցիսկոս Պապից նրան քննադատելու համար և հովվապետին հրավիրել է Արգենտինա։ Կաթոլիկ եկեղեցու 87-ամյա առաջնորդը քննարկում է մինչև տարեվերջ հայրենիք մեկնելու հնարավորությունը, սակայն այցը դեռ հաստատված չէ։
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին անվանել էր «Երկրի վրա ամենավնասակար ամեն ինչի ներկայացուցիչը», հայտնում է Infobae պորտալը և նշում, որ Պապը ներել է՝ ասելով, թե «դրանք երիտասարդության սխալներն են, որոնք բոլորը թույլ են տալիս»։
Միլեյը Հռոմ է ժամանել մասնակցելու արգենտինացի երանելի Մարիա Անտոնիա դե Պազ ի Ֆիգերոայի սրբադասման արարողությանը, որը տեղի է ունեցել փետրվարի 11-ին՝ Սուրբ Պետրոսի տաճարում՝ Հռոմի Պապի գլխավորությամբ: Նա առաջին արգենտինուհին է, որ սուրբ է հռչակվել: