Միացյալ Նահանգների մայրաքաղաքում նշվել է Հայաստանի բանակի օրը: Հայաստանի դեսպանատուն են այցելել ամերիկյան պաշտպանական և արտաքին քաղաքական դեպարտամենտների պաշտոնյաներ, գեներալներ ու ծովակալներ, ամերիկյան ռազմակրթական հաստատություններում սովորող հայ սպաներ։
Հյուրերին ողջույնի խոսքով է դիմել ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը՝ կարևորելով հայ-ամերիկյան ռազմական գործակցությունը:
«Հայաստանը չի նախատեսում որևէ հարձակում աշխարհի որևէ պետության դեմ։ Բայց եթե այլ դերակատար ցանկանում է խախտել մեր երկրի խաղաղությունն ու ամբողջականությունը, մենք կկարողանանք պաշտպանել ինքներս մեզ։ Հայաստանը նաև գիտակցում է, որ հնարավոր է ունենալ ավելի խաղաղ սահմաններ՝ դիվերսիֆիկացնելով իր արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը»,- ասել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։
Ռազմական կցորդ, գնդապետ Արման Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի բանակի բարեփոխումների գործընթացը՝ նշելով, որ այն համակողմանի է՝ ներառելով մոբիլիզացիոն ռեսուրսի մեծացումը, ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը և այլ ուղղություններ։
«Բանակաշինությունը գործընթացն իրականացվում է ըստ արտաքին քաղաքական և անվտանգային առաջնահերթությունների։ Չունենալով ագրեսիվ նպատակներ իր հիմքում՝ բանակը պատրաստ է իրականացնել իր սահմանադրական պարտականությունները Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցում։ Այս ջանքերի համապատկերում՝ շարունակելու ենք ակտիվ աշխատել մեր բարեկամների հետ։ Կցանկանայի շեշտել Միացյալ Նահանգների կարևոր դերը որպես մեր գործընկեր։ Կանզասի նահանգի հետ մեր գործընկերությունը շարունակում է դրսևորել մարտական բարեկամության հիանալի օրինակներ՝ ի ցույց դնելով ռազմական կրթության և համատեղ օպերացիաների փոխընկալման հիանալի օրինակներ»,- ասել է ՀՀ ԶՈՒ ռազմական կցորդ, գնդապետ Արման Մկրտչյանը։
Ըստ Պենտագոնի ղեկավարի փոխտեղակալ Լորա Քուփերի՝ Հայաստանի զինված ուժերի բարեփոխումները տարեցտարի շոշափելի աճ են գրանցում, իսկ Կանզասի ազգային գվարդիայի հետ գործընկերային նախագծերի քանակը մեկ տարում կրկնապատկվել է։ Հունիսին, ի դեպ, լրանում է Հայաստանի բանակի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերության մեկնարկի 30 տարին։
«Կանզասի ազգային գվարդիան Հայաստանի հետ նախորդ տարի իրականացրել է 50 միջոցառում։ Սա 2022-ի համեմատ կրկնակի ավելի էր։ Այս տարի ևս նախատեսում ենք 50 միջոցառում, այդ թվում՝ կիբեռանվտանգության ոլորտում։ Ամերիկյան պաշտպանական գերատեսչության անունից ցանկանում եմ ընդգծել Հայաստանի նվիրումը իր սահմաններից դուրս կայունություն և անվտանգություն ապահովելու գործին։ Միացյալ Նահանգները պատվում է այն 3200 հայ զինվորականներին, որոնք ամերիկացի զինվորների հետ ուս ուսի ծառայելով՝ նպաստ են բերում Աֆղանստանի խաղաղապահ առաքելությանը։ Այս պահին ՆԱՏՕ-ի Կոսովոյի ուժերում կա 70 հայ զինծառայող, Լիբանանում ՄԱԿ-ի առաքելության կազմում՝ 32-ը։ Հայ զինծառայողները շարունակում են կայունություն ու անվտանգություն ապահովել Արևմտյան Բալկաններում ու Լիբանանում»,- ասել է Լորա Քուփերը։