Դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ առևտրային կազմակերպության աշխատակիցներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից:
«Հաշվի առնելով, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն:
Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունվարի 31-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ առևտրային կազմակերպության ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ՝ նույն արարքին հանցակցելու (Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ):
Առևտրային կազմակերպության ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը չի փոխվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ կոռուպցիոն չարաշահումների գործով 2 ամսով
կալանավորվել են «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, «Սիներջի» ընկերության ծրագրերի նախկին ղեկավար
Անի Գևորգյանը, 1 ամսով էլ կալանավորվել է ընկերության մեկ այլ աշխատակից: Հակակոռուպցիոն դատարանը
բավարարել էր քննիչի միջնորդությունը էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող և փաստացի հեռացրել մրցույթից: