Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2023 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է ՓՄՁ սուբյեկտների ֆինանսավորման ոլորտը՝ հաշվի առնելով ՓՄՁ-ների նշանակալի դերը ՀՆԱ-ի ձևավորման, զբաղվածության և հարկային մուտքերի ապահովման համար, ինչպես նաև ՓՄՁ սուբյեկտների և վերջիններիս հետ առնչվող կառույցների կողմից բարձրաձայնված խնդիրները:
Ինչպես հայտնում են ՄՊՀ-ից, ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ
ՓՄՁ սուբյեկտների գործունեության ոլորտն ընդհանուր առմամբ ունի աճի և զարգացման միտում։ Դիտարկվող ժամանակահատվածում (2020-2022 թթ.) շուրջ 35%-ով ավելացել է ՓՄՁ սուբյեկտների թվաքանակը (44 142-ից հասնելով 60 999), 76%-ով՝ վերջիններիս շրջանառությունը (2729 մլրդ դրամից հասնելով 4805 մլրդ դրամի), հետևաբար՝ նաև նրանց կողմից վճարված հարկերը (+63%)։ ՀՀ աշխատաշուկայում զբաղվածների շուրջ 25%-ը հանդիսանում են ՓՄՁ սուբյեկտների աշխատակիցներ, որոնց թվաքանակը ևս ունեցել է աճման միտում (+29%՝ 222 048-ից հասնելով 286 046-ի)։
ՓՄՁ սուբյեկտները հիմնականում գործունեություն են ծավալում մանրածախ առևտրի (միջինում 30%), սպասարկման անհատական ծառայությունների մատուցման (8%), մեծածախ առևտրի (7%) ոլորտներում:
Համաձայն Հանձնաժողովի իրականացրած հարցման արդյունքների՝ ՓՄՁ սուբյեկտները սեփական և այլ միջոցներից բացի ներգրավում են նաև բանկային միջոցներ (հարցվածների 72%-ը), որի առնչությամբ ՓՄՁ-ների կողմից նշված հիմնական խոչընդոտներն են՝ գրավադրման պարտադիր պահանջը (հարցվածների 27%-ը), բարձր տոկոսադրույքները (հարցվածների 25%-ը) և բանկային երաշխավորությունների պահանջը (հարցվածների 20%-ը)։
Արձանագրված խնդիրներ և առաջարկվող լուծումներ
Հանձնաժողովն արձանագրել է, որ անհրաժեշտ է իրականացնել որոշակի օրենսդրական փոփոխություններ՝ կապված տնտեսավարող սուբյեկտին ՓՄՁ սուբյեկտ դիտարկելու առավել հստակ մեխանիզմների և չափանիշների մշակման անհրաժեշտության հետ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա են որոշակի տարբերություններ «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով և ՀՀ ԿԲ համապատասխան կարգով ձեռնարկությունների ըստ չափի դասակարգման հիմքում դրվող չափանիշների միջև՝ Հանձնաժողովը գտնում է, որ տվյալ չափանիշների համապատասխանեցման անհրաժեշտություն կա։
Սկսնակ ընկերություններին առաջնային կերպով պետական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորության ապահովման և ծրագրերին կրկնակի մասնակցությունը բացառելու նպատակով առաջարկվել է համապատասխան չափանիշներ կիրառել ՓՄՁ սուբյեկտներին աջակցության տրամադրման գործընթացում և ստեղծել շահառուների միասնական տվյալների շտեմարան։
Ուսումնասիրությունն ամբողջությամբ հասանելի է
այստեղ: