Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական The Telegraph-ի լրագրող Ռոլանդ Օլիֆանթին:
Լրագրողի դիտարկմանը, թե որքանո՞վ է հավանական, որ Հարավային Կովկասում իրավիճակը կարող է վատթարանալ, հնարավո՞ր է արդյոք, որ փոխկապակցված միջազգային ճգնաժամերը կարող են տարածվել այստեղ, վարչապետը պատասխանել է՝ այսօր աշխարհում պետություններն անվտանգության հետ կապված խորը մտահոգություններ ունեն:
«Ես չեմ ուզում, որ այս զրույցից տպավորություն ստացվի, թե Հայաստանում անվտանգության մարտահրավերներն էականորեն ավելի կրիտիկական են, քան աշխարհի բազմաթիվ այլ երկրներում: Բայց մյուս կողմից՝ ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե Հայաստանի կառավարությունը չի գիտակցում, թե Հայաստանի անվտանգության մարտահրավերներն ինչքան կրիտիկական են»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով՝ մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ոչ ոք չի կարող ասել, թե վաղն առավոտ ինչ տեղի կունենա կամ այսօր գիշեր:
«Սա է ժամանակակից աշխարհի ամբողջ տրամաբանությունը: Եվ եթե մենք վերցնում ենք նաև գլոբալիզացիան, որ աշխարհը շատ փոքրացել է. տեսեք, թե մեր շուրջն ինչ է կատարվում, Ուկրաինայում ինչ է կատարվում, Իսրայելում ինչ է կատարվում, մեր մոտակա ծովային ավազաններում ինչ է կատարվում և այլն: Որևէ մեկը չի կարող հանգիստ լինել: Եթե որևէ մեկը մտածում է, որ գլոբալ աշխարհում ինքն ավելի հանգիստ է կամ պիտի ավելի հանգիստ լինի, քան Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ քաղաքացիները, իրենք էականորեն սխալվում են:
Երկրորդը՝ Ձեր ասած մարտահրավերները. և սա ես ասում եմ ամենայն լրջությամբ, որովհետև հիմա և վերջին երկու տարում միջազգային հանրությունը քննարկում է՝ միջուկային պատերազմ կլինի՞, թե՞ չի լինի: Եվ քանի որ իմ դիրքն այնպիսի է, որ ես շփումներ ունեմ այդ միջուկային պատերազմի կարծես թե մի քանի կողմերի հետ, ես նաև գիտեմ, թե դա ինչքանով է լուրջ թեմա: Այս իմաստով, համենայնդեպս, Հայաստանն էականորեն ավելի ապահով է, որովհետև չեմ կարծում, որ որևէ մեկը պատրաստվում է Հայաստանին միջուկային հարված հասցնել: Մինչդեռ բազմաթիվ երկրներ վստահ չեն, որ այդքան ապահով են զգում իրենց:
Ինչի՞ համար եմ ես այսպես արձագանքում Ձեզ: Ես ուզում եմ, որ Դուք ճիշտ հասկանաք. շատ կարևոր է հասկանալ, որ բազմաթիվ այլ երկրներում ավելի անվտանգ չէ, քան Հայաստանի Հանրապետությունում: Իսկ ուրիշ տեսակետից՝ Հայաստանի Հանրապետությունը, իմիջիայլոց, Numbeo-ի վերջին վարկանիշային աղյուսակի վրա, իհարկե, իր ներքին անվտանգության մակարդակով աշխարհում զբաղեցնում է 7-րդ տեղը: Այսինքն՝ հիմա Դուք նստած եք աշխարհի 7-րդ ամենաանվտանգ երկրում, ինչը, կարծում եմ, վատ չէ»,- նկատել է Փաշինյանը:
The Telegraph-ի միջազգային մեկնաբանի հարցին՝ ո՞րն է ՀՀ վարչապետի ուղերձն իր ընթերցողներին, Նիկոլ Փաշինյանն ասել է հետևյալը. «Ես գիտեմ՝ ինչ դժվար է, ես գիտեմ՝ ինչ բարդություններ է պետք հաղթահարել, և ես ամեն ինչ կանեմ, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, կանեմ աշխատանքի այն բաժինը, որը վերաբերում է մեզ, և ես հույս ունեմ, որ մեր տարածաշրջանի մյուս երկրները նույնպես այդպես կվարվեն:
Մեր որոշ գործընկերների դեպքում կա որոշակի վստահություն, որ նրանք այդպես կվարվեն, մյուսների դեպքում՝ վստահությունն այդքան մեծ չէ, բայց մեր արտաքին հարաբերությունների առանցքային նպատակներից և իմաստներից մեկը դա է, և մենք այդ քաղաքականությունը վերնագրել ենք «տարածաշրջանացում», որպեսզի մենք կարողանանք մեր տարածաշրջանում հասնել խաղաղության»: