«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում փետրվարի 7-ին Երևանում կայացել է «Կրթության ոլորտում երեխաների պաշտպանության հայեցակարգերի ամրապնդում սոցիալական պաշտպանության ոլորտի հետ համագործակցությամբ» թեմայով միջոցառում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը:
Մասնակցում էին ՆԳ նախարարության Անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանը, տարբեր նախարարությունների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ոլորտային մասնագետներ։
Ողջունելով ներկաներին՝ Էդգար Պետրոսյանը խոսել է պարտադիր կրթությունից դուրս մնացած և մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի մասին։
Անդրադառնալով այդ ուղղությամբ ՆԳ նախարարության կողմից իրականացվող միջոցառումներին՝ նա ներկայացրել է խնդրի շրջանակում ոստիկանության գործառույթներն ու կիրառվող գործիքակազմերը։ Ընդգծել է նաև բոլոր շահագրգիռ պետական մարմինների համագործակցության կարևորությունը, ինչը թույլ կտա ուշադրության կենտրոնում պահել երեխաներին, հետևողական լինել և դեպքեր հայտնաբերելուն պես արձագանքել նրանց խնդիրներին։
Պանելային քննարկման ընթացքում միջոցառման մասնակիցները ներկայացրել են պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման ուղղությամբ պետական մարմինների կողմից իրականացվող աշխատանքները։
Քննարկվել են այդ մարմինների փոխգործակցության ձևաչափերն ու մեխանիզմները, երեխաների՝ կրթությունից դուրս մնալու, կրթության համակարգում ներառելու հնարավոր խնդիրները և նման դեպքերը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները, նաև արվել են առաջարկություններ։
ՆԳ նախարարությունն առաջարկություն է ներկայացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ երեխաների պարտադիր կրթությունից դուրս մնալը կանխարգելելու իրավական մեխանիզմների լավարկման վերաբերյալ։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել «Երեխաների հանդեպ բռնության կանխարգելում և արձագանքում» ուղեցույցի շնորհանդեսը, որի նպատակն է աջակցել ուսումնական հաստատությունների մանկավարժներին՝ տրամադրելով երեխաների նկատմամբ բռնության դրևսորումների կանխարգելման, հայտնաբերման ու արձագանքման, նրանց պաշտպանության համակարգի վերաբերյալ մասնագիտական ձեռնարկ։