The Telegraph-ի միջազգային մեկնաբան Ռոլանդ Օլիֆանթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին այն մասին, որ վերջիս բացառել է Հայաստանի տարածքից ռազմավարական նշանակության բարձունքներից իր զորքերի դուրսբերումը, մերժել խորհրդային զինվորական վերջին քարտեզների վրա հիմնված սահման գծելու իր առաջարկը:
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանը սրանով հիմք է դնում Հայաստանից տարածքային պահանջներ առաջ բերելու համար, վարչապետը նկատել է՝ այդ գնահատականները գոյության իրավունք ունեն, և անհիմն համարել այդ գնահատականները չի կարելի:
«Եվ այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահն արեց 2024թ. հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, ես նաև հրապարակային դա գնահատել եմ որպես հարված խաղաղության գործընթացին, բայց ես քիչ առաջ նկարագրում էի, որ այդ հարվածն ինքն ուղղակի առանձին վերցրած գործընթաց չէ, և դա սկսվել է առաջինը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից, երկրորդը՝ Գրանադայի հանդիպման մերժումից, ապա՝ Բրյուսելի հանդիպման մերժումից և նաև հետագա հանդիպումների մերժումներից:
Նաև ուզում եմ արձանագրել, որ ես վերջերս արձագանքել եմ Ադրբեջանի նախագահի այդ հայտարարություններին և պիտի ևս մեկ անգամ արձանագրեմ, որ բանակ ունենալը յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է, և Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած ինքնիշխան պետություն, ունի ուժեղ և մարտունակ բանակ ունենալու իրավունք՝ այն արձանագրմամբ, որ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, անկախությունը և պետականությունն ամրացնելու համար է բանակ ստեղծում:
Ըստ էության, մենք մեր քաղաքական դիրքորոշումներով արձանագրել ենք, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք, և նույնն ակնկալում ենք նաև մեր տարածաշրջանի բոլոր երկրներից՝ առավել ևս, որ դրա վերաբերյալ կա ստորագրված, ընդունված փաստաթուղթ:
Տեսեք, երբ ես խոսում էի Պրահայի քառակողմ հայտարարության մասին, հենց դրա մասին է Պրահայի քառակողմ հայտարարությունը: Խոսել Խորհրդային Միություն մտնելու պահին եղած տարածքների մասին, գիտեք՝ ես կարծում եմ, որ Խորհրդային Միության մաս կազմելու ժամանակաշրջանի վերաբերյալ քննարկումները տվյալ կոնտեքստում ընդհանրապես պատեհ չեն: Ինչո՞ւ, որովհետև արդեն իսկ ասել եմ, որ եռակողմ և քառակողմ ֆորմատով գրավոր կերպով արձանագրվել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը, որ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եթե Ադրբեջանի հայտարարությունն այն է, որ ինքը չի ճանաչում իր ստորագրած և ընդունած որևէ փաստաթուղթ, այդ մասին ինքը պետք է հրապարակային հայտարարի, բայց քանի դեռ Ադրբեջանը չի հայտարարել, մասնավորապես, Սոչիի և Պրահայի հայտարարություններից իր ստորագրությունը հետ վերցնելու մասին, ուրեմն շատ հստակ է, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչում են 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա և ցանկացած հայտարարություն, որը հակասում է այս տրամաբանությանը, ապօրինի է: