Ամփոփելով անցնող շաբաթ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հագեցած օրակարգով այցը Հաագա, արտգործնախարարությունը արձանագրում է․
Միջազգային քրեական դատարանում կայացավ դատարանին ՀՀ անդամակցության պաշտոնական արարողությունը, որի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարի կողմից ՄՔԴ մյուս՝ 123 անդամ երկրների դրոշների կողմից բարձրացվեց Հայաստանի Հանրապետության դրոշը։ Միջոցառմանը մասնակցեցին շուրջ 60 երկրների ներկայացուցիչներ։
Նախարար Միրզոյանը հանդիպում ունեցավ նաև Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղարի հետ՝ քննարկելով միջազգային դատական կառույցների հետ ՀՀ փոխգործակցության հնարավորությունները:
Կայացան նախարար Միրզոյանի հանդիպումները Նիդերլանդների արտաքին գործերի, ինչպես նաև առևտրի ու զարգացման համագործակցության նախարարների հետ. օրակարգում՝ երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացում, տարածաշրջանային հարցեր։
Հետաքրքրիր մտքերի փոխանակում կայացավ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ու անդամների հետ. ուշադրության կենտրոնում՝ Հարավային Կովկասում զարգացումները։
Արարատ Միրզոյանը հանդիպում ունեցավ նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրենի հետ՝ անդրադառնալով փոփոխվող աշխարհում զինաթափման և չտարածման հարցում առկա մարտահրավերներին։
Այս անգամ ևս բացառություն չէին փորձագիտական շրջանակները. Արարատ Միրզոյանը կլոր-սեղան քննարկման մասնակցեց Նիդերլանդների հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկում՝ «Կլինգենդայլ» միջազգային հարաբերությունների ինստիտուտում։