Բրիտանական The Telegraph-ի միջազգային մեկնաբան Ռոլանդ Օլիֆանթի հետ հարցազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Եվրամիության հետ հարաբերություններին:
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք խելամիտ է Հայաստանը ԵՄ-ի ուղղությամբ տանելը նպատակ դարձնելը, վարչապետը հիշեցրել է՝ դեռևս իր՝ վարչապետ դառնալուց առաջ Հայաստանը և Եվրամիությունը ստորագրել էին «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» պայմանագիրը, և հիմա այդ պայմանագիրն իրագործման փուլում է։
«Ակնհայտ է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները խորանում են և ակնհայտ է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները խորանում են այդ թվում՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի» իրականացման պայմաններում և պատճառով: Բայց, իհարկե, մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները սերտանում են նաև այն պատճառով, որ միջազգային հանրության գնահատականով մենք տեսանելի հաջողություններ ունենք ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին»:
Վարչապետի խոսքով՝ այս նրբությունը շատ կարևոր է` հասկանալու Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները:
«Տեսեք, մենք ոչ մեկից չենք շրջվում: Մենք իրականացնում ենք մեր ժողովրդից ստացած մեր պատգամները: Իսկ այդ պատգամն առաջին հերթին ժողովրդավարական բարեփոխումներն են: Եվ ժողովրդավարությունը, ժողովրդավարական բարեփոխումները, ժողովրդավարական հանրության զարգացումը մեզ համար ուղղակի հանգամանքների բերումով առաջացած օրակարգեր չեն:
Ես բազմիցս եմ հայտարարել, որ դա մեզ համար ռազմավարություն է, և Եվրոպական խորհրդարանում իմ ունեցած ելույթում ասացի, որ մենք շարունակելու ենք այդ ռազմավարությունների իրականացումը, շարունակելու ենք այդ բարեփոխումները: Եվ ասացի, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի»,- պարզաբանել է ՀՀ վարչապետը: