Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունից հետո տեղի անկախ լրատվամիջոցները տեսանյութեր են տարածել ընտրակեղծիքների մասին։ Նշվում է, որ ակտիվորեն կիրառվել են վարչական ռեսուրսներ, պետական հատվածի և մասնավոր ձեռնարկությունների աշխատակիցները ստիպողաբար մասնակցել են ընտրական «կարուսելներին»:
Ընտրության մոնիթորինգի և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի դիտորդներն Ադրբեջանի 105 ընտրատեղամասում արձանագրել են քվեաթերթիկների լցոնումներ, ընտրողների խմբերի տեղափոխում, չգրանցված ընտրողների քվեարկություն և կրկնաքվեարկություն: Այդ խախտումներն, ըստ կենտրոնի, վկայում են նախագահի ընտրության արդյունքների կեղծման մասին։
Կենտրոնի եզրակացությունները հիմնված են կազմակերպության հետ համագործակցած 117 անկախ դիտորդների տեղեկությունների վրա: Նրանք նշել են, որ որոշ տեղամասերում ձայների հաշվարկը բաց չի եղել, 43%-ում արդյունքները ճիշտ չեն արտացոլվել արձանագրություններում, 46%-ում դիտորդներին արձանագրությունների օրինակներ չեն տրամադրվել:
Նրանք նաև նշել են, որ որոշ ընտրատեղամասերում ընտրողների փաստացի թիվը 20%-ով պակաս է եղել պաշտոնական տվյալներից:
Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսուցման կենտրոնը եզրակացրել է, որ նախագահի արտահերթ ընտրությունն անցել է աղաղակող խախտումների պայմաններում և չի կարող համարվել ազատ ու արդար:
Ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդն էլ կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել «ընդդիմության և ժողովրդի բոյկոտած ընտրության կեղծ արդյունքները»։ Նրանք կարծում են, որ Իլհամ Ալիևը կեղծ ընտրության միջոցով հերթական անգամ բռնազավթել է իշխանությունն Ադրբեջանում:
Մանրամասները` Դավիթ Մուրադյանի ռեպորտաժում: