Արևմտյան երկրները ձգտում են ճեղքեր ստեղծել Երևանի և Մոսկվայի հարաբերություններում՝ Radio Sputnik-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Հայտնի է, որ Հայաստանի ղեկավարությունը հիմա հարցականի տակ է դրել անվտանգության ապահովման այն բանաձևը, որը գործել է մինչ օրս, և սկսել է այդ ոլորտի դիվերսիֆիկացումը։ Այս ամենը չէր կարող չանդրադառնալ մեր հարաբերությունների մթնոլորտի վրա։ Պետք է ուղղակիորեն ասեմ, որ մեր հարաբերություններն այժմ մի տեսակ ամրության փորձություն են անցնում»,- նշել է Կոպիրկինը, հավելել՝ Երևանի նկատմամբ Մոսկվան իր մոտեցումը չի փոխել, և Հայաստանը դիտարկվում է որպես դաշնակից պետություն:
Դիվանագետը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը մնում են ամուր, և հարաբերությունները գրեթե բոլոր ոլորտներում շարունակել են զարգանալ: Կոպիրկինի խոսքով, սակայն, կա մի գործոն, որը չի կարող չանհանգստացնել։
«Վերջին շրջանում տարածաշրջան է բերվել աշխարհաքաղաքական առճակատում: Ցավոք, այժմ դա տեղի է ունենում, և, իհարկե, ոչ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ»,- ասել է դեսպանը: Նա նշել է, որ արևմտյան երկրները ցանկանում են թուլացնել Ռուսաստանի դերը տարածաշրջանում, փորձում դուրս մղել նրան:
«Ամերիկյան պաշտոնական շրջանակները Հայաստանի հետ հարաբերություններն ուղղակիորեն դնում են Ռուսաստանի և Իրանի դեմ պայքարի համատեքստում։ Այս ամենը լուրջ մտահոգություն և անհանգստություն է առաջացնում։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի ղեկավարությունը նույնպես հասկանում է բոլոր ռիսկերը։ Հուսով եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ապահովել մեր հարաբերությունների կայունությունը»,- եզրափակել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը։