ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։
«ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը տեղեկացրել է, որ այցի նպատակն է քննարկել ջրամբարաշինության և ոռոգման համակարգերի, դպրոցաշինության, կոշտ կենցաղային թափոնների կառավարման և Սևանա լճի ջրի որակի բարելավմանն ուղղված ծրագրերին վերաբերող հարցեր:
Խոսելով ջրամբարաշինության ծրագրերի և հատկապես Կապսի ջրամբարի ծրագրի մասին՝ Տերտերյանը կարևորել է ԱԶԲ-ի ակտիվ և արդյունավետ համագործակցության հնարավորությունը ծրագրի մեջ ներգրավված միջազգային մյուս գործընկեր կառույցների հետ:
Զրուցակիցները կարևորել են նաև ոռոգման համակարգերի կառուցման, վերակառուցման անհրաժեշտությունը։
Դպրոցաշինության ծրագրերին անդրադարձ կատարելով՝ ԱԶԲ-ի ներկայացուցիչները խոսել են իրենց մոտեցումների, առաջիկա ծրագրերի մասին, կարևորել կառուցվող դպրոցների ծախսարդյունավետ լինելը և կառուցումից հետո շինության հետագա պահմանման հարցերը:
Դպրոցաշինության մասով Տերտերյանը նշել է, որ գործընթացը ՀՀ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է և առաջարկել է հետագա քննարկումններին ներգրավել շահագրգիռ մյուս գերատեսչություններին նույնպես:
Սևանա լճի ջրի որակի բարելավման վերաբերյալ բանկի ներկայացուցիչները նշել են, որ առկա է հնարավորություն երեք մեխանիկական մաքրման կայանները դարձնել կենսաբանական մաքրման կայաններ: Նախարարի տեղակալը կարևորելով մաքրման կայանների առկայությունը՝ միաժանակ ընդգծել է այդ կայանների արդյունավետ, ճիշտ կառավարման և շահագործման անհրաժեշտությունը:
Խոսելով կոշտ կենցաղային թափոնների կառավարման մասին՝ Վաչե Տերտերյանը կարևորել է կառավարման արդյունավետ մոդելների ուսումնասիրության և հիմնավորման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս»,- ասված է հաղորդագրության մեջ: