Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 09:40-ին ահազանգ էր ստացել, որ խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում:
«Լուրերի» թղթակից Նիկոլայ Ավետիսյանը դեպքի վայրից հաղորդեց՝ հրդեհը ծագել է գյուղատնտեսական և շինանյութերի պահեստում:
Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ անմիջապես դեպքի վայր են ժամանել Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 16 մարտական հաշվարկ, 2 սանդուղք, նաև ոստիկանության ծառայողներ:
«Անմիջապես կասեցվել է կրակի տարածումը հարակից տարածքներ: Տուժած անձինք չկան։ Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում 1 հրշեջ և 1 քաղաքացի ծխահարվել են, որոնց առաջին օգնություն է ցույց տրվել: Այս պահին աշխատում է շուրջ 140 հրշեջ ծառայող, գումարած ոստիկաններ»,- հայտնեց Սարգսյանը:
Հարցին՝ ի՞նչ է պահվել պահեստային տարածքում՝ ՆԳ նախարարության մամուլի քարտուղարը հայտնեց, որ ըստ նախնական տեղեկությունների՝ պահվել են տարբեր տեսակի ապրանքներ, սննդամթերք, շինարարական ապրանքներ, ջրի պլաստիկե տարաներ:
Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները պահեստային տարածքում շարունակվում են:
Ավելի վաղ հայտնել էինք՝ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում:
Ըստ նախնական տվյալի՝ հրդեհը բռնկվել է 25 հազար քմ մակերեսով պահեստի 6 հազար քմ հատվածում։