Ուկրաինայում ռազմական գործողության ոչ բոլոր նպատակներն են իրականացվել, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում։
«Մենք դեռ չենք հասել մեր նպատակներին, որովհետև դրանցից մեկն ապազգայնականացումն է։ Դա այն խնդիրներից է, որը քննարկել ենք Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ»,- ասել է ՌԴ ղեկավարը։ Նա հավելել է, որ եվրոպական երկրների իշխանությունները խնդրել էին Ռուսաստանին զորքերը դուրս բերել Կիևից՝ «պայմաններ ստեղծելու՝ փաստաթղթերի վերջնական ստորագրման համար»։
Կարլսոնի այն հարցին, թե ինչ նկատի ունի նախագահը՝ ապազգայնականացում ասելով, Պուտինը նշել է, որ «մենք պետք է ազատվենք այն մարդկանցից, որոնք փորձում են պահպանել նացիզմի տեսությունն ու պրակտիկան»: ՌԴ նախագահը հավելել է, որ Ուկրաինայում նացիզմը վերացնելու վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ստամբուլում։
Ուկրաինայում կարգավորման շուրջ բանակցությունները սկսվել են 2022 թվականի փետրվարի 27-ին, կողմերը մի քանի փուլ են անցկացրել դեմ առ դեմ հանդիպումներով, մի քանի փուլ էլ՝ տեսակապի միջոցով։ Ռուսական կողմը ամենամեծ առաջընթացը գրանցել է մարտի 29-ին Ստամբուլում Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպման ժամանակ։
Մայիսին ՌԴ նախագահի օգնական և ռուսաստանյան բանակցային պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ասել էր, որ Մոսկվան չի հրաժարվում բանակցություններից, բայց գործընթացը սառեցվել է Կիևի նախաձեռնությամբ։