Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «սարսափ պատմություններ» է անվանել այն դիտարկումները, թե Չինաստանն ԱՄՆ-ի նման կփորձի իշխող դիրք զբաղեցնել Ռուսաստանի նկատմամբ։
«Մենք քաջատեղյակ ենք այս սարսափ պատմություններին: Չինաստանի հետ մենք հարևաններ ենք, իսկ հարևաններին, ինչպես մերձավոր ազգականներին, չեն ընտրում: Մենք հազարավոր կիլոմետրանոց ընդհանուր սահման ունենք»,- ասել է Պուտինը լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցի ժամանակ:
ՌԴ նախագահի խոսքով՝ Չինաստանի արտաքին քաղաքական փիլիսոփայությունն ագրեսիվ չէ, և երկրի արտաքին քաղաքական միտքը միշտ փոխզիջում է փնտրում։
Պուտինն իր հերթին հարց է տվել, թե արդյոք եվրոպացիները չե՞ն վախենում իրենց նկատմամբ Չինաստանի գերակայությունից:
«Չինաստանի և Եվրոպայի միջև համագործակցության աճի տեմպերն ավելի մեծ ու բարձր են, քան Չինաստանի հետ Ռուսաստանի համագործակցության աճի տեմպերը, և չինական ձեռնարկությունները գրավում են եվրոպական շուկան»,- ասել է ՌԴ նախագահը և հավելել, որ մեծ է չինական բիզնեսի ներկայությունը նաև Միացյալ Նահանգներում։