ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում հունվարի 29-ին մեկնարկած ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների հավաքական թիմերի մասնակցությամբ անցկացված վոլեյբոլի առաջնությունը հատել է եզրագիծը: Փետրվարի 9-ին տեղի է ունեցել առաջնության եզրափակիչ հանդիպումը, և անզիջում պայքարում որոշվել է հաղթող թիմը:
Առաջնության եզրափակիչ խաղին հետևել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Շնորհավորելով մասնակիցներին և գոհունակություն հայտնելով առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու համար` նախարար Պապիկյանն ընդգծել է, որ մարզական միջոցառումները կարևոր նշանակություն ունեն զինված ուժերում և առաջին հերթին միտված են անձնակազմի ֆիզիկական տվյալների զարգացմանը, առողջ ապրելակերպի ձևավորմանը, ինչպես նաև ծառայողական լարվածության որոշակի թոթափմանը։
«Այսօրինակ միջոցառումները պետք է լինեն շարունակական, անցկացվեն բանակային զորամիավորումներում և վարակիչ տարածում ունենան զինծառայողների շրջանում: Մենք ինքներս էլ պետք է մասնակից դառնանք նմանօրինակ մարզական միջոցառումների»,- ամփոփել է նախարար Պապիկյանը։
Առաջնության ավարտին մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողներն ու քաղաքացիական ծառայողները պարգևատրվել են պատվոգրերով և մեդալներով, մի շարք անվանակարգերում պատվոգրերի են արժանացել նաև այլ մասնակիցներ, իսկ առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած հավաքական թիմերին հանձնվել են առաջնության գավաթները: