Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ եկամուտների հայտարարագիր ներկայացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացի ֆիզիկական անձը եկամտային հարկի գումարից կարող է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում՝ ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերից։ Ընտանիքի անդամներն են՝ ֆիզիկական անձի ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողները և որդեգրվածները):
Հայտարարագիր ներկայացնող ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձը սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող է օգտվել, եթե ձեռք է բերել առողջության ապահովագրական փաթեթ՝ Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից կամ ուսման համար կատարել է վճարումներ Հայաստանում գործող կրթական հաստատություններում (նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները)։
ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձը փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս կատարելիս, պետք է ծառայություն մատուցողից, այսինքն՝ ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պարտադիր պահանջի հաշվարկային փաստաթուղթ (invoice)։ Իսկ ծառայություն մատուցողը՝ ապահովագրական ընկերությունը կամ կրթական հաստատությունը, պետք է դուրս գրի հաշվարկային փաստաթուղթ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգից՝ լրացնելով ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշվարկային փաստաթուղթը։ Միաժամանակ, անհրաժեշտ է ծառայություն մատուցողին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայության համարանիշը։ Իսկ այն դեպքում, երբ սոցիալական ծախսը կատարվում է հայտարարագիր ներակայացնող ֆիզիկական անձի ընտանիքի անդամի համար, ապա պետք է ներկայացնել ընտանիքի անդամի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայության համարանիշը և ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորող փաստաթղթերը (ամուսնու դեպքում՝ ամուսնության վկայական, ծնողի դեպքում՝ ծնողի՝ անձը հաստատող փաստաթուղթ և հայտարարատուի ծննդյան վկայական, զավակի դեպքում՝ ծննդյան վկայական, որդեգրողի, որդեգրվածի դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու համապատասխան հիմքը հաստատող փաստաթուղթ)։
Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման առավելագույն չափը տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամը։ Ֆիզիկական անձի՝ իր և ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100.000 դրամ: Անհրաժեշտ է հիշել, եթե հայտարարագիր ներկայացնող քաղաքացին սոցիալական փաթեթի շահառու է, ապա անձամբ չի կարող օգտվել առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից, փոխարենը կարող է օգտվել միայն ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերի մասով։
ՊԵԿ-ն իրազեկում է, որ 2024 թվականին հայտարարագիր ներկայացնող ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձինք, փոխհատուցում ստանալու նպատակով, 2023 թվականի ընթացքում կատարած սոցիալական ծախսը հիմնավորելու վերաբերյալ ծառայություն մատուցողից կարող են պահանջել հաշվարկային փաստաթուղթ: