Եվրահանձնաժողովը չի մեկնաբանել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնիի պաշտոնանկությունը՝ նշելով, որ դա Կիևի իրավասության հարց է։
«Նրա փոխարինումը Ուկրաինայի ներքին որոշումն է և նախագահի իրավասությունը: ԵՄ-ն պարտավորվել է և կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, անկախ նրանից, թե ով է գլխավորում այդ երկրի զինված ուժերը»,- հայտարարել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության խոսնակ Նաբիլա Մասրալին:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկ օր առաջ երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար է նշանակել գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկուն։ Նա ղեկավարել է Կիևի շրջանի պաշտպանությունը 2022 թվականին, նույն թվականի աշնանը եղել է նաև Խարկովի մարզում ուկրաինական հարձակման գլխավոր կազմակերպիչներից մեկը։
Զելենսկին իր տեսաուղերձում առաջին իսկ կետից հասկացրել է, որ փոխարինումը տեղի է ունեցել ամառային անհաջող հակահարձակման պատճառով։
Միաժամանակ Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Զալուժնիին, նրան շնորհել է Ուկրաինայի հերոսի կոչում և ցանկություն հայտնել, որ մնա իր թիմում։ Զալուժնին էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել երկրի գլխավոր շտաբին, պաշտպանության նախարարությանը և անձամբ նախագահին։