Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել ՀՀ վարչապետի գավաթի սեղանի թենիսի սիրողական մրցաշարի կանոնակարգում՝ դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին հետագա մասնակցության ապահովման նպատակով:
Ըստ նոր փոխոխության՝ 2024 թվականին մրցաշարը կանցկացվի դպրոցականների շրջանում՝ 2 տարիքային խմբերով: Մրցաշարին կմասնակցեն ՀՀ հանրակրթական դպրոցների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը՝ յուրաքանչյուր դպրոցի թիմերի կազմում՝ 5-9-րդ և 10-12-րդ դասարանների 2-ական տղա և 2-ական աղջիկ, ֆիզկուլտուրայի 1-ական ուսուցիչ:
Մրցաշարն անցկացվելու է 3 փուլով՝
-
1-ին փուլ` Հայաստանի Հանրապետության համայնքներում, Երևան քաղաքի վարչական շրջաններում՝ 2024 թվականի մարտի 1-15-ը.
-
2-րդ փուլ` Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում՝ 2024 թվականի մարտի 16-31-ը.
-
3-րդ եզրափակիչ փուլ` Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում 2024 թվականի ապրիլի 6-7-ը:
Մրցաշարի համայնքային և մարզային փուլերի անցկացման ժամանակացույցը ներկայացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ մինչև 2024 թվականի փետրվարի 20-ը:
Մրցաշարի առաջին փուլին կարող են մասնակցել հանրապետության բոլոր դպրոցների և վարժարանների թիմերը: Երկրորդ փուլին կարող են մասնակցել առաջին փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցների թիմերը, 3-րդ՝ եզրափակիչ փուլին, կարող են մասնակցել 2-րդ մարզային փուլում 1-ին տեղերը գրաված դպրոցների կամ վարժարանների հավաքական թիմերը։ Եզրափակչում ՀՀ մարզերի և Երևան քաղաքի թիմերը ներկայացնելու են 1 պատասխանատու:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ մարզերի 41 քաղաքներում (տարածաշրջաններում) և Երևան քաղաքի 11 վարչական շրջաններում (մասնակից դարձնելով բոլոր 12 վարչական շրջաններին):
Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով:
Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները կպարգևատրվեն՝
-
1-ին տեղ՝ 4 մլն ՀՀ դրամ.
-
2-րդ տեղ՝ 2.500.000 ՀՀ դրամ.
-
3-րդ տեղ՝ 1.500.000 ՀՀ դրամ:
Կպարգևատրվեն նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝
-
1-ին տեղ՝ 700.000 ՀՀ դրամ.
-
2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ.
-
3-րդ տեղ 300.000 ՀՀ դրամ:
Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս կպարգևատրվեն դրամական մրցանակներով՝
-
1-ին տեղ՝ (4 մասնակից) 150.000-ական ՀՀ դրամ.
-
2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100.000-ական ՀՀ դրամ.
-
3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75.000-ական դրամ:
Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:
Մրցաշարին մասնակցության համար 1-ին փուլի հայտերը ներկայացվում են համայնքապետարանների սպորտի համապատասխան վարչություններ, իսկ 3-րդ՝ եզրափակիչ փուլի մասնակցության հայտը ներկայացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչություն՝ մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը ներառյալ։
Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (010) 59-96-33, (010) 59-96-32, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-18:00-ը: