Այն գործատուները, որոնք աշխատանքի կվերցնեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց և ոչ միայն նրանց, այլև ՀՀ քաղաքացիներին, և այդ գործատուները կլինեն մշակող արդյունաբերության ոլորտում, էկոնոմիկայի նախարարությունը կտրամադրի որոշակի աջակցություն: Այդ մասին հումանիտար կենտրոնի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:
Աջակցությունն ուղղված է այն անձանց, որոնք չունեն փորձ մշակող արդյունաբերության ոլորտում աշխատելու, և գործատուն մեծ ռեսուրս է ծախսում, որպեսզի նոր աշխատողն ունենա բարձր արտադրողականություն:
«Նախաձեռնել ենք միջոցառում, որ եթե մարդը նախկինում չի աշխատել տվյալ ոլորտում, գալիս է այս ոլորտ, ապա 1 տարի անընդմեջ աշխատելուց հետո կտրամադրվի փոխհատուցում գործատուին վճարված եկամտային հարկի ամբողջ գումարի չափով: 1 աշխատակցի համար կա որոշակի սահմանափակում, այն է՝ տարեկան 500 հազար դրամ, և, մեր հաշվարկներով՝ սա բավարար է, որպեսզի աշխատողը վարձատրվի մինչև 250 հազար դրամ աշխատավարձով, և գործատուն տարեվերջ ստանա համապատասխան փոխհատուցումը»,- ասաց նախարարի տեղակալը:
Ծրագիրը գործում է ՀՀ բոլոր քաղաքացիների համար, և այն տրամաբանությամբ է գործում, որ երբ աշխատակիցը նոր է մուտք գործում ոլորտ, ստուգվում է, եթե անցած 3 տարիների ընթացքում չի աշխատել այս ոլորտում, կարող է դառնալ ծրագրի շահառու:
«ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց դեպքում սահմանել ենք որոշակի առանձնահատկություններ. այս դեպքում չկա քաղաքացիության պահանջ, և չի ստուգվում նախկին աշխատանքային փորձը»,- ասաց նա:
Ծրագիրը գործելու է մինչև 2026 թվականի ավարտը: