ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած Ժաուտիկովյան միջազգային 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Օլիմպիադան անցկացվել է 2024 թ. հունվարի 8-13-ը՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից:
Հայաստանից այդ օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի, «Քվանտ» և «Ֆոտոն» վարժարանների աշակերտները:
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայում նվաճել են 17 մեդալ՝ 2 ոսկի, 5 արծաթ և 10 բրոնզ:
Նշենք, որ կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի մայիսի 12-ի 52-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ:
Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ:
Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները.
1) ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի դիպլոմակիրներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.
-
առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 10000 դրամ,
-
երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7500 դրամ,
-
երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 5000 դրամ,
2) դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ կամ մասնակիցներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.
-
առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր)՝ 25000 դրամ,
-
երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր)՝ 20000 դրամ,
-
երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր)՝ 15000 դրամ,
-
գովասանագրով պարգևատրվածներին՝ 12000 դրամ,
-
եզրափակիչ փուլի այլ մասնակիցներին՝ 10000 դրամ։
3) դպրոցականների միջազգային այլ օլիմպիադաների (առնվազն 15 երկրներից մասնակիցներ ունեցող) եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.
-
առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր)՝ 15000 դրամ,
-
երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր)՝ 10000 դրամ,
-
երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր)՝ 7500 դրամ: