Փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի է ունեցած արտահերթ նախագահի ընտրության վերաբերյալ ԿԸՀ հրապարակած արդյունքի համաձայն՝ երկրի գործող նախագահը, ըստ նախնական գնահատականների, ստացել է ձայների ավելի քան 92%-ը, մասնակցությունը կազմել է 76,73%։
Ընդդիմությունը ընտրությունները որակել է կեղծված և պահանջել է չեղարկել դրանց արդյունքները։ Ընդդիմադիր լրատվամիջոցները տեսանյութեր են տարածել կեղծիքների մասին, պետական կառույցներն էլ դրանք են կեղծ անվանել։ Ընդդիմադիր վերլուծաբանները մատնանշել են վարչական ռեսուրսների ակտիվ օգտագործումը, այդ թվում՝ պետական հատվածի աշխատակիցներին և մասնավոր ձեռնարկությունների աշխատակիցների ստիպողական մասնակցությունը «կարուսելներին»:
Նրանց կարծիքով՝ զանգվածային կեղծիքներն օգտագործվել են՝ մասնակցության բարձր մակարդակ և Իլհամ Ալիևին աջակցություն ցուցադրելու համար։ Եվրոպացի դիտորդներն ընդգծել են, որ ընտրություններն անցել են սահմանափակ ազատությունների պայմաններում, և ընտրություններում տեղի ունեցած լուրջ խախտումները կասկածի տակ են դնում ձայների հաշվարկի արդյունքները։ Միևնույն ժամանակ, ընտրությունների մոնիթորինգի փորձագետները վստահ են, որ Ալիևի մրցակիցները չեն վիճարկի ընտրությունների արդյունքները։
Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի դիտորդները Ադրբեջանի 105 ընտրատեղամասւմ արձանագրել են քվեաթերթիկների լցոնումներ, խմբերով ընտրողների ժամանում և չգրանցված ընտրողների քվեարկություն: Այդ խախտումները, ըստ նրանց, վկայում են նախագահի ընտրության արդյունքների կեղծման մասին։
Կենտրոնի եզրակացությունները հիմնված են կազմակերպության հետ համագործակցած անկախ դիտորդների տեղեկությունների վրա: Կենտրոնի 117 գործընկեր դիտորդ ընդգրկել է հանրապետության 105 ընտրատեղամաս:
Կազմակերպության տվյալների համաձայն՝ իրենց գործընկերների դիտարկած ընտրատեղամասերի 25%-ում խոչընդոտներ են ստեղծվել դիտորդների աշխատանքի համար։ Ոմանք ենթարկվել են հոգեբանական և ֆիզիկական ազդեցության և հեռացվել ընտրատեղամասերից։
Նշվում է նաև, որ ընտրատեղամասերի 5 տոկոսում քվեարկությունը սկսվել է դատարկ քվեատուփերով և չկնքված: Ընտրատեղամասերի 25 տոկոսում ընտրողների թիվը չի հայտարարվել, 14 տոկոսում նշվել է, որ քվեարկելու թույլտվություն է տրվել այն մարդկանց, որոնք չեն ստորագրել գրանցված ընտրողների ցուցակում, 46%-ում ընտրողներին թույլատրվել է քվեարկել առանց բթամատը անտեսանելի թանաքով նշագրման, 45%-ում գրանցվել են ընտրողների՝ խմբերով ժամանելու դեպքեր, 31%-ում դիտորդներն արձանագրել են քվեաթերթիկների լցոնումներ, իսկ 42%-ում նույն մարդկանց կրկնաքվեարկություն։
Բացի այդ, տեղամասերի 12%-ում ձայների հաշվարկի գործընթացը բաց չի եղել, 43%-ում արդյունքները ճիշտ չեն արտացոլվել արձանագրություններում, 46%-ում դիտորդներին արձանագրությունների օրինակներ չեն տրամադրվել, նշված է կազմակերպության զեկույցում:
Իրավապաշտպանները նաև նշել են, որ տարբերություն կա ընտրողների մասնակցության պաշտոնական տվյալների և դիտորդների ցուցմունքների միջև: «Կեղծվել է նաև ընտրողների մասնակցությունը: Որոշ ընտրատեղամասերում ընտրողների փաստացի թիվը 20%-ով պակաս է եղել պաշտոնական տվյալներից»,- նշել է քվեարկության կենտրոնի ղեկավար Անար Մամեդլին:
Ամփոփելով՝ Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսուցման կենտրոնը եզրակացնում է, որ փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահի ընտրությունը բարենպաստ ժողովրդավարական միջավայրի, իրական քաղաքական մրցակցության հավասար հնարավորությունների, Ընտրական օրենսգրքի նախնական կատարելագործման բացակայության պատճառով «անցել է ավանդական խախտումների պայմաններում և, հետևաբար, չի կարող համարվել ազատ ու արդար»:
Կազմակերպությունն ընդգծել է խախտումները հետաքննելու և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ընտրությունների ազատ դիտարկման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը։
Ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդն էլ կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել «ընդդիմության և ժողովրդի բոյկոտած ընտրության կեղծ արդյունքները»։ Նրանք կարծում են, որ Իլհամ Ալիևը կեղծ ընտրության միջոցով հերթական անգամ բռնազավթել է իշխանությունն Ադրբեջանում: