Փետրվարի 9-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ։
Հանդիպմանը քննարկվել են մշակույթի ոլորտում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցությանն առնչվող հարցեր՝ 2023-2025թթ․ երկկողմ համագործակցության միջգերատեսչական ծրագրի հաշվառմամբ, որը միտված է մշակույթի հաստատությունների և ստեղծագործական կոլեկտիվների միջև անմիջական շփումների ընդլայնմանը, ինչպես նաև ցուցահանդեսների, համերգների և ազգային մշակույթների հանրահռչակմանը նպաստող այլ միջոցառումների անցկացմանը։
Վերոնշյալ համատեքստում ընդգծվել է մշակույթի փոխադարձ օրերի համատեղ իրագործման կարևորությունը։
Քննարկումների ընթացքում շոշափվել է նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության տեղեկատվական ուղեկցման թեման։