Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է Իրակլի Կոբախիձեին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը, որից հետո նա պաշտոնապես դարձել է երկրի վարչապետ:
Իրակլի Կոբախիձեն վարչապետի պաշտոնի համար ներկայացվել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից, որը ղեկավարում էր մինչև նշանակումը։ Իսկ երկրի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել և այժմ գլխավորում է իշխող կուսակցությունը։
Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության նոր կազմին՝ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ: Կողմ է քվեարկել 84, դեմ՝ 10 պատգամավոր:
Քվեարկությունից հետո իր ելույթում Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջին այցը կկատարի Բրյուսել։ Այցը կկայանա փետրվարի 20-21-ը։ Կոբախիձեի խոսքով՝ օրակարգն արդեն մշակված է, և Բրյուսել այցի շրջանակում նախատեսվում են քննարկումներ Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հեռանկարների վերաբերյալ: