Նախարարությունը չի որոշել որևէ մեկին վերաբնակեցնել: Զեյթունի հանրակացարանը շատ վատ վիճակում է, և այնտեղ տարրական պայմաններ ապահովելու կարիք կա: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ պետբյուջեով նախատեսված է հանրակացարանի վերանորոգումը, և համապատասխան մրցույթներն արդեն անցկացվել են:
«Արդեն պետք է սկսվի շինարարությունը, և, բնականաբար, ամբողջ գործընթացը կկազմակերպվի այնպես, որ նաև ուսանողների կեցության տեսանկյունից հնարավորինս հարմար տարբերակներ գտնվեն»,- ասաց նախարարը:
Լրագրողների ճշտող հարցին ի պատասխան՝ որտե՞ղ են ապրելու ուսանողները, արդյոք դա մնալու է որպես հանրակացարա՞ն, Անդրեասյանը նշեց՝ այս պահին ժամկետների հարց չի տրվել, և արվում է հնարավորը, որ դա կազմակերպվի ուսումնական տարվա ավարտից հետո, և ընթացիկ խնդիրներ չառաջանան:
Իսկ ինչ վերաբերում է հանրակացարանին՝ ընդգծեց՝ այն ծառայելու է որպես հանրակացարան:
«Մենք ունենալու ենք հարմարավետ պայմաններ ուսանողների համար»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է Ակադեմիական քաղաքի պայմաններում վերանորոգվելու հանրակացարանը, նշեց՝ մենք խնդիր ունենք ապահովելու միջազգային, միջպետական ծրագրերով մեզ մոտ ժամանող ուսանողների կեցությունը:
«Գիտեք, որ մենք բազմաթիվ երկրների հետ ունենք պետական կրթաթոշակային ծրագրեր, մեր ուսանողները մեկնում են այդ երկրներ սովորելու, այդ երկրներից ուսանողները գալիս են մեզ մոտ սովորելու, և նաև պետության պարտավորությունն է ապահովել կեցությունը: Եվ այդ պայմանները պետք է լինեն բավարար: «Զեյթուն» հանրակացարանն այնպիսի հզորություն չունի, որ կարողանա մեր ուսանողական համակազմի համար էական խնդիր լուծել, բայց ամեն դեպքում, եղած պայմանները պետք է նորմալ լինեն»,- պարզաբանեց նախարարը:
Ճշտող հարցին՝ վերանորոգման ընթացքում որտե՞ղ են ապրելու ուսանողները, նախարարը պատասխանեց՝ ուսանողների հետ կապված հարցերն առանձին քննարկվում են: