Մոսկվայի նպատակն է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հաշտեցման ու խաղաղ փոխգործակցության կայուն հետագիծ դուրս գալու հարցում՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
«Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում այլընտրանք չունի, այդ դերը մեծ է և եզակի։ Առաջին հերթին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը»,- ասել է Գալուզինը Россия 24 հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Բաքվին և Երևանին խորհրդատվական ծառայություններ է առաջարկում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման շրջանակում, քանի որ Մոսկվան տեղագրական նյութեր ունի:
«Խաղաղության պայմանագրի ստորագրման մասով էլ ՌԴ-ն ակտիվորեն շարունակում է օգնել հարցերի ամբողջ համալիրի քննարկմանը։ Մենք միշտ պատրաստ ենք մեր հարթակը տրամադրել խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների համար։ Հուսով ենք, որ Երևանում կգերակշռի այն ըմբռնումը, որ հենց եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է հայ-ադրբեջանական կարգավորման ամենահուսալի ճանապարհը, այլ ոչ թե արտատարածաշրջանային խաղացողների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի և Եվրամիության ներգրավմանն ուղղված ջանքերը, որոնց գործունեությունն ուղղված է ոչ թե կարգավորմանը աջակցելուն, այլ ՌԴ-ին այդ գործընթացից դուրս մղելուն, Հարավային Կովկասում ուժերի ստեղծված հավասարակշռությունը կոտրելուն և այդպիսով ՌԴ-ի հարևանությամբ անկայունության ևս մեկ օջախ ստեղծելուն»,- կարծիք է հայտնել Գալուզինը: