Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններում բացակայում էր իրական բազմակարծությունը, իսկ քննադատների ձայները անընդհատ ճնշվում էին՝ հայտարարել են ԵԱՀԿ-ում:
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները համատեղ հայտարարության մեջ նշել են, որ երկրում արտահայտվելու ազատության սահմանափակումներն ամրապնդվել են վերջին իրավական փոփոխություններով և հանգեցրել են միջազգային ժողովրդավարական չափանիշներին չհամապատասխանող օրենսդրության ընդունմանը:
«Քարոզարշավը եղել է զուսպ, չի ունեցել որևէ նշանակալի հանրային մասնակցություն և մրցակցություն: Չնայած քարոզարշավին մասնակցում էր վեց այլ թեկնածու՝ նրանցից ոչ մեկը համոզիչ կերպով չի վիճարկել գործող նախագահի քաղաքականությունն իրենց քարոզարշավներում՝ թողնելով ընտրողներին առանց որևէ իրական այլընտրանքի: Քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչները նշել են, որ իրավական դաշտը և դրա կիրառումը դժվարացնում են խաղաղ հավաքների ազատության և հանրային հավաքներ անցկացնելու իրենց իրավունքի իրականացումը ինչպես ընտրությունների նախաշեմին, այնպես էլ նախընտրական քարոզարշավի շրջանից դուրս»,- ասված է հայտարարության մեջ:
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Դանիելա Դե Ռիդերը նշել է, որ մեդիամիջավայրը խիստ սահմանափակ է եղել: «Դիտորդները զգալի թերություններ են արձանագրել՝ հիմնականում քվեարկության գաղտնիության հարցերի, բազմակի քվեարկության դեմ երաշխիքների բացակայության, քվեաթերթիկների լցոնման նշանների և ընտրողների ցուցակներում նույնական ստորագրությունների պատճառով: Դա լուրջ հարցեր է առաջացրել այն մասին, թե արդյոք քվեաթերթիկները հաշվարկվե՞լ են, և արդյոք հաշվետվություններն արդա՞ր են կազմվել»,- նշել են ԵԱՀԿ-ից:
Օուեն Մերֆին, որը գլխավորել է ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը, նշել է, որ ընդդիմադիր կուսակցություններն ընդհանրապես չեն մասնակցել ընտրություններին՝ վկայակոչելով համարժեք ժողովրդավարական պայմանների բացակայությունը: