ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածները Բաղդադի արևելյան շրջաններին խախտում են կողմերի միջև առկա բոլոր պայմանավորվածությունները, ինչի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիան: Այդ մասին հայտարարել է Իրաքի զինված ուժերի միացյալ օպերատիվ հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Թահսին ալ-Հաֆաջին:
Նրա խոսքով՝ Բաղդադին հարվածելը «ագրեսիայի ակնհայտ գործողություն է» և խախտում է Իրաքի ինքնիշխանությունը։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ Զինված ուժերի իրականացրած հարձակումը «վտանգավոր հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար»։
ԱՄՆ-ի գործողությունը դատապարտել է նաև ՀԱՄԱՍ խմբավորումը: Հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումն ուղղված էր Իրաքի ինքնիշխանության խախտմանը և «ծառայում է իսրայելական օկուպացիոն քաղաքականության և նրա էքսպանսիոնիստական նախագծերի շահերին»:
Որոշ տեղական լրատմավիջոցների տվյալով՝ Իրաքի անվտանգության ուժերը փակել են Բաղդադում ԱՄՆ դեսպանություն տանող բոլոր ճանապարհները: Նշվում է, որ «կանաչ գոտում», որտեղ տեղակայված են օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները, լարված իրավիճակ է: